Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Աստծո ազդեցությունը իրական կյանքի վրա: Դօրիան` “Սատանան մայրամուտին”

Որպես նախորդ պոստիս շարունակություն, որոշեցի ներկայացնեմ Դօրիանի “Սատանան մայրամուտին” վիպակից այս հատվածը, ուր ներկայացնում է Աստծո ազդեցությունը իրական կյանքի վրա: Խորհուրդ եմ տալիս չնայել երկարությանը ու կարդալ մինչեւ վերջ, եթե ավելի շատ հավես կունենաս, կարդա ամբողջ վիպակը այ այստեղ:

Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:
— Սա խաղ է, երիտասարդ: Եթե ես այժմ քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս տանջելու է: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ ունենալ ամեն ինչ ու թքած ունեմ, դա կարելի է, թե ոչ: Ես թքած ունեմ, թե ինչ կասեն մարդիկ, քանզի ես իմ կյանքն եմ ապրում ինձ համար, Դավիթ, ոչ թե ինչ-որ մեկին գոհացնելու: Միայն շներն են վազում փայտիկների հետևից, որպեսզի ինչ-որ մեկը շոյի իրենց գլուխը: Ես չեմ սողա հայացքների տակ, ես չեմ ենթարկվի տափակ կանոններին: Սխա՞լ է: Իսկ ո՞վ որոշեց: Աստվա՞ծ, թե՞ մարդիկ: Մի՞թե հենց նույն Աստված չորոշեց, որ մայրդ ապրի կարիքի մեջ, որ ստիպված լինի մինչև օր ծերություն քրտինք թափել: Աստվա՞ծ չորոշեց, որ հայրդ մեռնի` թողնելով ձեզ մենակ` բախտի քմահաճույքին: Իսկ հիմա ասա` սիրու՞մ է քեզ Աստված, թե՞` չէ…: Նա՞ չէր, որ քեզ կյանքի խորխորատը նետեց, անելանելի դրության մեջ: Նրա պատճառո՞վ չէր, որ դիմեցիր այն քայլերին, որոնց չպիտի դիմեիր: Նա՞ է ամեն ինչ որոշում: Ուրեմն ինչու՞ է քեզ համար սխալ որոշում ընդունում : Քեզ` օրինավոր մարդկանց զավակի, խելացի ու զուսպ մարդու, որ իր կյանքում, երևի, ճանճ էլ չի սպանել, որ եկել է այստեղ գեղեցիկ հրաժեշտ տալու մարդուն, ով վիրավորել է իր ինքնասիրությունը` չնայած կարող էր թքել ինձ նմանի վրա: Եվ գիտե՞ս, թե ում է նախապատվություն տալիս քո այդ Աստված: Ինձ նմանին: Հարբեցող վայրենու որդուն, ով ամբողջ կյանքում ատել է ծնողներին, որ նրանց մահն է երազել: Որ չի հետևել պատվիրաններին, որ շնացել է, ստել, չի սիրել մերձավորին, չի պատվել իր Տեր Աստծուն… Որ հիմա էլ նույն իր Աստծո դեմ է խոսում: Իսկ ու՞ր է իմ պատիժը: Ես հանգիստ եմ, երիտասարդ, որովհետև, եթե ձեր այդ Աստվածը կա էլ, նա անմեղի հախից է գալու, նա թույլին է դիպչելու, քանզի ինքն էլ թույլ է: Նա աղքատից եղածն էլ է վերցնելու ու հարուստին տա: Ու՞մ, եթե ոչ քո նմանների հաշվին եմ ես այսօր նստում այս շքեզ աղբանոցում, օրական մի մեքենա վարում ու ուզածիս պես ապրում: Ո՞վ տվեց ինձ այս ամենը: Լավ չէ՞, որ չլիներ քո այդ Աստվածը, քան թե այսպիսին լիներ…
Դավիթը լուռ լսում էլ Ալեքին` փախցնելով նրանից հայացքը:
— Դու դրախտի ու դժոխքի մասին կխոսես… Հավիտենական կյանքի… Դու չապացուցված մի բանի համար կզոհես այն, ինչը վաղուց ապացուցված է` երկրային կյանքը: Դու չգիտես էլ, թե ինչ կա մահից հետո, կամ կա՞ որևէ բան, ու հանուն այդ եղած կամ չեղածի կորցնում ես այն, ինչ ունես` կյանքդ: Եթե այսօր ուզում ես ստել, երիտասարդ, ստիր: Դրա համար մարդը չի պատժում: Միայն մարդու պատժից վախեցիր: Աստված անզոր է արդեն։ Եթե ուզում ես չսիրել ընկերոջդ, չհարգել ծնողիդ` մի հարգիր: Մարդը դրա համար էլ չի պատժում: Մարդն ավելի խելացի է, քան Աստված: Նա արգելեց միայն չսպանել, չգողանալ, չբռնանալ: Ուրիշ ոչինչի համար չկա իրական պատիժ: Ոչ ոք ինձ չի պատժել նրա համար, թե ով եմ ես, ու չի կարող պատժել: Նույնպես և ոչ ոք քեզ չի պատժել նրա համար, ինչ արել ես ու չի էլ կարող, եթե ինքդ չուզես դա: Հա, դու փող ես վաստակել և, ասեմ քեզ, բավականին շատ փող: Մի՞թե հարևանիդ համաձայնությունը պիտի խնդրես, որպեսզի մորդ նոր շոր առնես, որպեսզի այլևս սև գործ չանես, որպեսզի օրահաց ու հանգստություն ունենաս, որպեսզի օտգվես կյանքի վայելքներից: Մի՞թե պիտի հարցնես դիմացինիդ: Տղա, մեր մեջ այնքան կյանք կա, մենք կարող ենք այնքան բարձրանալ, բայց… բայց մեզ կապել են գետնից: Վերջ տուր ենթարկվել կյանքին, հասարակությանը, չապացուցված քո այդ Աստծուն: Ստիպիր, որպեսզի կյանքն ինքը ենթարկվի քեզ: Որոշիր ինքդ քո փոխարեն: Սխալ ես համարում մի բան` ուրեմն այն սխալ է, ճիշտ ես համարում` ուրեմն ճիշտ է: Ճիշտ է, որովհետև օգնում է քեզ, որովհետև քեզ դրանից ավելի լավ է լինում: Ի՞նչ դու կորցրեցիր այն գիշերները: Անու՞նդ, պատի՞վդ, ինքնասիրությու՞նդ, ունեցվա՞ծքդ: Ոչինչ: Դու շարունակում ես նույնը մնալ: Դու չես դարձել ավելի վատը: Եթե ինքդ քեզ չմեղադրես, ոչ ոք չի մեղադրի: Մեղադրի էլ, թքիր բոլորի վրա: Մարդիկ սովոր են անմեղներին էլ մեղադրել: Լավ չէ՞ մեղադրվել նրա մեջ, ինչ արել ես, քանս թե պատժվել առանց հանցանքի:
— Չգիտեմ, Ալեք… Բայց դա սխալ է, հաճելի չէ ինձ…
— Իսկ դու անում ես, որ հաճու՞յք ստանաս: Քեզ, տղա, փող է պետք: Դու կարող ես բանվորություն անել, դիմանալով գործատուիդ քամահրանքին ու վիրավորանքներին, բայց չե՞ս կարող անել այն, ինչ ես եմ ուզում` իմանալով, որ երբեք չեմ մեղադրի քեզ դրա համար:
— Ախր… Սխալ է…
— Ո՞վ ասեց: Քեզ գումա՞ր է պետք: Դու այն ստանում ես: Թե ինչպես դա քո գործն է ու այլևս ոչ ոքի: Թող բարոյականության, ճշտի ու սխալի մասին ճառերն իրենց պահեն: Թող դրանցով սնեն իրենց զավակներին, որոնք մի թեթև ամոթանքի պատճառով կարող են հրաժարվել անձնական կյանքից, որոնք պատրաստ են կուլ գնալ: Մարդիկ պահանջում են, որ մենք ճիշտ ապրենք: Նրանք ուզում են, որ մենք պոռնկություն չանենք, որ մենք չլինենք չար, չկամենանք վատը, օգնենք, սիրենք… Բայց զարմանալի է, որ քեզանից ճիշտ կյանք պահանջող նույն հարևանդ ոչինչ չի տալիս փոխարենը: Շնորհակալություն չի ասում, որ դու արդար քրտինքով ես աշխատում: Նա կենտրոնացած է միայն քո սխալները գտնելու վրա: Ու դու դեռ նայում ես, թե ի՞նչ կմտածեն:
— Ես ինքս ինձնից եմ ամաչում…
— Դա արդեն ուրիշ է: Եթե պիտի տանջես քեզ զղջումի նոպաներով, խնդրեմ, գնա: Իսկ եթե կարող ես անջատել այդ ապուշ կոճակը, որը մեզ խանգարում է ապրել ու նախապաշարմունքների զոհ դարձնում` մնա ինձ մոտ: Դու այդ կոճակը հեշտ կգտնես: Դրա վրա սխալմամբ գրել ու փակցրել են «ինքնասիրություն»: Բայց, չգիտես ինչու, հենց այն է մեզ անհաջողակ դարձնում: Հենց այն է ասում «սխալ է», երբ դու հաջողության ճանապարհին ես, երջանկության ճանապարհին, բավարարվածության ճանապարհին: Այն արձագանքում է նրան, ինչ դու լսել ես ուրիշներից: Այն դու չես ստեղծել, երիտասարդ: Այն էլ են քեզ ստիպողաբար տվել: Բայց որոշողը դու ես: Կարող ես գնալ: Ես քեզ չեմ պահում: Իսկ կարող ես և մի քանի հարյուր եվրո աշխատել: Այժմ ես այն մարդը չեմ, ով հոգատար հոր պես քեզ համար բժիշկ կանչեց: Հիմա ես պատվիրատու եմ: Կեղտոտ արվամոլ, եթե ուզում ես` մի մարդ, որին պետք է միայն տեսնել, հպվել քեզ, զգալ մարմնիդ ջերմությունը: Ով դա է ցանկանում ու կանի դա քո, թե մեկ ուրիշի հետ: Ով հաճույք կստանա դրանից ու երբեք չի կարող մեղադրել իրեն, սեփական եսը սանձահարելու մեջ: Ի տարբերություն քեզ, որ դատարկ սեղանի մոտ նստած, նայելով սոված մորը, կմեղադրի իրեն, որ չի արել այն, ինչ կարող էր անել: Ի՞նչ ունես կորցնելու:

(Հեղինակ` Դօրիան` “Սատանան մայրամուտին”)

Եթե հիմա կարդում ես էս նախադասությունը, հույս ունեմ, որ կարդացել ես վերեւի գրածները այլ ոչ թե skip ես արել: Ինչեւէ, ասեմ, որ ես շատ հարցերում համձայն եմ Ալեք Արսենյանի ասածների հետ: Իսկ դու…?

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: